Մրցույթի մասին
«Այբ» կրթական հիմնադրամը հայտարարում է «Այբ» կրթական ավանի տարածքում կառուցվելիք Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ճարտարապետական հայեցակարգի մրցույթ: «Այբ» կրթական ավանի հասցեն է` ք. Երևան, Արաբկիր համայնք, Թբիլիսյան Խճուղի 11/11:
Մրցույթի բոլոր փուլերը, այդ թվում՝ ժյուրիի կողմից հայտերի գնահատման գործընթացը, իրականացվելու են առցանց եղանակով (online):
Մասնակիցների գրանցումը կատարվում է այս կայքում, որից հետո նրանք հնարավորություն են ձեռք բերում ներբեռնել մրցույթի փաթեթը:
Մրցույթի հայտարարման պահից 47 օրացուցային օրվա ընթացքում, մինչև 13.04.2012թ. մասնակիցները
պետք է վերբեռնեն իրենց աշխատանքները (տե'ս ժամանակացույցը):
Նյութերը պետք է ներկայացվեն երկու ձևաչափերով՝ PDF (այն չպետք է գերազանցի 10 MB ծավալը) և JPG (չպետք է գերազանցի 1MB ծավալը): Ցուցահանդեսին ցուցադրվող նախագծերը պետք է լինեն տպագրված: Հայաստանյան մասնակիցները պետք է տպագրված, գծատախտակի վրա ամրացված նախագծի օրինակը ներկայացնեն կազմակերպչի գրասենյակ: Իսկ արտասահմանյան մասնակիցների աշխատանքների տպագրությունը կիրականացնի մրցույթի կազմակերպիչը:
Մրցույթի ընդհանուր դրույթները
2. «Այբ» կրթական ավանի հասցեն է՝ ք. Երևան 0052, Արաբկիր համայնք, Թբիլիսյան խճուղի 11/11 http://maps.google.com/ Armenia, Yerevan, Ayb school :
3. Մրցույթի բոլոր փուլերը, այդ թվում՝ ժյուրիի կողմից հայտերի գնահատման գործընթացը, իրականացվելու են առցանց եղանակով (online):
4. Մասնակիցները նախ պետք է գրանցվեն www.holytranslators.com կայքի Գրանցում բաժնում, որից հետո նրանք հնարավորություն կունենան ներբեռնելու մրցույթի փաթեթը:
5. Մրցույթի հայտարարման պահից 47 օրացուցային օրվա ընթացքում, մինչև 13.04.2012թ. մասնակիցները պետք է վերբեռնեն իրենց աշխատանքները (տե´ս ժամանակացույցը): Նյութերը պետք է ներկայացվեն երկու ձևաչափերով՝ PDF (այն չպետք է գերազանցի 10 MB ծավալը) և JPG (չպետք է գերազանցի 1MB ծավալը): Ցուցահանդեսին ցուցադրվող նախագծերը պետք է լինեն տպագրված: Հայաստանյան մասնակիցները պետք է տպագրված, գծատախտակի վրա ամրացված նախագծի օրինակը ներկայացնեն կազմակերպչի գրասենյակ: Իսկ արտասահմանյան մասնակիցների աշխատանքների տպագրությունը կիրականացնի մրցույթի կազմակերպիչը:
6. Վերբեռնման ժամկետի ավարտից հետո ժյուրին սկսելու է գնահատման գործընթացը, որից հետո ստացված արդյունքները մեքենայորեն գումարվելու են և ներկայացվելու են գնահատականների ցանկի տեսքով: Մրցանակներ կշնորհվեն առավելագույն միավորներ հավաքած երեք մասնակիցներին:
7. Անկախ մրցույթի արդյունքներից՝ «Այբ» կրթական հիմնադրամն իրավունք ունի պատվիրել Սրբոց Թարգմանչաց եկեղեցու նախագծային փաթեթը մասնակից և ոչ մասնակից ճարտարապետական խմբերին:
Մասնակցության պայմանները
- 1. Մրցույթը բաց է: Մրցույթի աշխատանքային լեզուն հայերենն է:
- 2. Նախագծեր կարող են ներկայացնել այն կազմակերպությունները և անհատները, որոնք ճարտարապետական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն:
- 3. Մրցույթն անցկացվում է մեկ փուլով:
- 4. Մրցույթի կազմակերպիչների ներկայացուցիչները, գործընկերներն ու վարձու աշխատողները, ինչպես նաև ժյուրիի անդամները մրցույթին մասնակցելու և մասնակիցներին խորհուրդներ տալու իրավունք չունեն:
Նախագծման առաջադրանք
Կառույցը պետք է ունենա երկու մաս՝ եկեղեցի և կից համայնքային կենտրոն:
Եկեղեցու կառույցը պետք է բավարարի հետևյալ պահանջներին.
- 1. կառուցապատման մակերեսը չպետք է գերազանցի 400 քմ-ը,
- 2. կառույցի բարձրությունը` ըստ հեղինակի հայեցողության,
- 3. մկրտության ավազանի և երկու ավանդատների առկայություն:
Համայնքային կենտրոնը եկեղեցուն կից է և պետք է ունենա.
- 1. մինչև 200 քմ մակերես` մեկ կամ երկհարկանի,
- 2. հոգևորականի սենյակ՝ իր փոքրիկ խոհանոցով և սանհանգույցով,
- 3. համայնքային դահլիճ:
Ներկայացվող նյութերի ցանկը
- 1. Գլխավոր հատակագիծ Մ1:500
- 2. Եկեղեցու հատակագիծ Մ1:100
- 3. Համայնքային կենտրոնի հատակագիծ Մ1:100
- 4. Եկեղեցու և համայնքային կենտրոնի կտրվածքներ
- 5. Ճակատներ
- 6. Արտաքին և ներքին տարածքների եռաչափ պատկերավորում
Նշված նյութերը ներկայացվում են 700 x 1000 մմ 1 գծատախտակի վրա: Ստորև ցուցադրված են գծատախտակի բաժանումները: Այս պայմաններին չհետևելու դեպքում նախագիծը չի մասնակցի մրցույթին:
Ժամանակացույցը
Գործընթացի անվանում | Ամսաթիվ | Ժամ |
---|---|---|
Մասնակիցների գրանցման սկիզբ | 27.02.2012 | 12:00 |
Մասնակիցների գրանցման ավարտ | 16.03.2012 | 18:00 |
Հարցադրումների սկիզբ | 27.02.2012 | 12:00 |
Հարցադրումների վերջնաժամկետ | 20.03.2012 | 18:00 |
Պատասխանների վերջնաժամկետ | 22.03.2012 | 18:00 |
Նախագծերի վերբեռնման ավարտ | 13.04.2012 | 18:00 |
Նախագծերի առձեռն ներկայացման ավարտ | 14.04.2012 | 18:00 |
Ժյուրիի կողմից արդյունքների ամփոփում | 19.04.2012 | 18:00 |
Ցուցահանդեսի բացման արարողություն | 20.04.2012 | 13:00 |
Վերջնական արդյունքների հրապարակում | 22.04.2012 | 14:00 |
Ցուցահանդեսի փակման արարողություն | 22.04.2012 | 14:00 |
Մրցույթի պաշտոնական լեզուն
Մրցույթի պաշտոնական լեզուն հայերենն է:
Մրցույթի գաղտնիությունը
Ժյուրիի կազմը
Ներկայացնում ենք ժյուրիի կազմը և նրանց ինքնակենսագրականները.
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդն է: 1987թ.-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա: 1989թ.-ին նշանակվել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու վանահայր: Նույն թվականին ստացել է վարդապետական աստիճան` պաշտպանելով «Սբ. Գրիգոր Տաթևացու քրիստոսաբանական հայացքները» թեզը: 1996թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է նորաստեղծ Արագածոտնի թեմի Առաջնորդ: 1997թ.-ին Մայր տաճարում ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Հայրապետի ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս: 1999թ. դեկտեմբերի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ: 2006թ. հունիսի 4-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը Նավասարդ սրբազանին սրբատար կոնդակով շնորհել է Արքության Պատիվ: 2002թ. փետրվարի 22-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը Տ. Նավասարդ եպիսկոպոս Կճոյանին շնորհեց Ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում: 2003թ. հոկտեմբերին Նավասարդ սրբազանը Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի գիտխորհրդի կողմից արժանացել է պատվավոր պրոֆեսորի կոչման: 2005թ. հոկտեմբերին Նավասարդ եպիսկոպոս Կճոյանին Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից շնորհվել է պատվավոր դոկտորի կոչում:
Տ. Մեսրոպ քահանայ Արամեանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա է, աստվածաբան, գիտնական և թարգմանիչ: Նա հիմնադիրն ու տնօրենն է «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի, որը Հայաստանի առաջատար հետազոտական-հրատարակչական կենտրոններից է և իրականացնում է հոգևոր, մշակութային, պատմական ու կրթական գործունեություն: Տ. Մեսրոպը նաև հիմնադիրն ու տնօրենն է Երևանում գործող «Վէմ» FM ռադիոկայանի, որը հեռարձակում է հոգևոր, մշակութային, կրթական հաղորդաշարեր և դասական երաժշտություն: Տ. Մեսրոպի ջանքերով հիմնադրվել է «Վէմ մեդիա արուեստներ» տեսաարտադրական ստուդիան, որը թողարկել է հեռուստատեսային հոգևոր հաղորդաշարեր և հիմնականում բնապահպանական խնդիրներին նվիրված 12 փաստագրական ֆիլմ: Նա նաև սցենարի հեղինակն ու պրոդյուսերն է «Վէմ մեդիա արուեստներ»-ի նկարահանած, միջազգային կինոփառատոներում բազմաթիվ մրցանակների ու հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացած՝ «Արարատից Սիոն» վավերագրական կինոնկարի: Մի խումբ ընկերների հետ համատեղ` տ. Մեսրոպ քհն. Արամյանը հիմնել է «Այբ» կրթական հիմնադրամը, որն այսօր Հայաստանի կրթական ոլորտի գլխավոր դերակատարներից է: Տ. Մեսրոպը նորաբաց «Այբ» ավագ դպրոցի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Տ. Մեսրոպ քհն. Արամյանը հեղինակել է բազմաթիվ գրքեր, հոդվածներ, հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, կրթական ծրագրեր ու նախագծեր:
Ալեն Սայեղը ճարտարապետ է: Նա դասախոսում է «Թվային հաղորդակցության դիզայն» առարկան Հարվարդի բարձրագույն դպրոցում: Նրա ներկայիս հետազոտության ոլորտներն են ինտերակտիվ տեխնոլոգիաները և դրանց հասարակայնացումը: Ալեն Սայեղը հիմնել է «Invivia Inc » կազմակերպությունը, որը զբաղվում է թվային դիզայնով: Մինչ ընկերության հիմնադրումը, Ալենը աշխատել է որպես ճարտարապետ, ինչպես նաև տեսաձայնային խաղերի դիզայներ: Ամբողջ աշխարհում նա հայտնի է` որպես թանգարանների և տարբեր հաստատությունների թվային միջոցների օգտագործման խորհրդատու: Նրա աշխատանքներն ունեն միջազգային ճանաչում և ստացել են բազմաթիվ մրցանակներ:
Արտո Չաքմաքչյանը հայտնի քանդակագործ է: Նա ծնվել է Եգիպտոսում՝ հայրենադարձի ընտանիքում: Սովետական Հայաստանում ուսանել է քանդակագործություն և նկարչություն: Չաքմաքչյանը Կանադային Գեղարվեստի Թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ է: Նրա ձեռքերով են կենդանություն ստացել Նոբելյան մրցանակակիր Պիթեր Մեդավրի, Քյուբեկի վարչապետներ Ռենե Լևեսկը և Քլոդ Ռայանը կիսանդրիները: Գրող Հյուբեր Աքինի, ժամանակակից փիլիսոփաներ Լեսզեկ Կոլոկովսկու, Չարլզ Թայլորի և Ռեյմոնդ Կլիբանսկու կիսանդրիները ևս Արտո Չաքմաքչյանի ստեղծագործություններն են: Նա նաև հեղինակ է մոնումենտալ մի շարք աշխատանքների. Տորոնտոյի ս. Մարիամ հայկական Առաքելական եկեղեցու բակում «Վերածնունդ» քանդակը, «Կոմիտաս» արձանը Դետրոիդում, Վիրժինյա նահանգում «Ստեղծագործություն» անվամբ հուշարձանը, «Չորս քանդակ» Նոր Ջերսիում և այլն: 2010թ.-ին նա ներկայացրել է իր անհատական ցուցահանդեսը ՅՈՒՆԵՍԿՈ-ի փարիզյան գլխամասում: Արտո Չաքմաքչյանը մասնակցել է մի շարք մեծահամբավ մրցույթների և ստացել է բազում մրցանակներ:
Դավիթ Սահակյանը
ծնվել է 1974թ.-ին, Երևանում: Երևանի ֆիզմաթ դպրոցի շրջանավարտ է: Ավարտել է Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը՝ «Տնտեսագիտություն և շինարարության կառավարում» մասնագիտությամբ: Պաշտպանել է մենեջմենթի գծով մագիստրոսական ատենախոսություն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: Հաջողությամբ ավարտել է Մեծ Բրիտանիայի «Բաց համալսարանի» դասընթացները՝ ստանալով մենեջերի հավաստագիր:
Աշխատել է ֆինանսական սեկտորում՝ ռազմավարության և վերլուծության ոլորտում: 2001թ.-ին հիմնել է «Training and Development» («T&D») ընկերությունը: Հավաստագրված դասընթացավար է՝ ըստ դասավանդման տարբեր միջազգային ծրագրերի, հեղինակ է ավելի քան տասը հեղինակային դասընթացների ու ծրագրերի՝ մենեջմենթի, ծրագրի ղեկավարման, ձեռնարկատիրության ոլորտներում: Վարել է մի քանի հարյուր դասընթաց, ղեկավարել մի քանի տասնյակ խորհրդատվական նախագծեր:
2006թ.-ից կանգնած է «Այբ» կրթական հիմնադրամի ակունքներում, եղել է հիմնադրամի ծրագրերի տնօրեն, իսկ 2009թ.-ից զբաղեցնում է «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: 2011թ.-ից նաև «Այբ» ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է:
Դավիթ Քերթմենջյանը ծնվել է 1952թ.-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Ներկայումս ՀՀ և ԱՄՆ-ի քաղաքացի է: 1978թ.-ին ավարտել է ԵրՊԻ-ի ճարտարապետության բաժինը: 1983թ.-ին հաստատվել է որպես ճարտ. թեկնածու, իսկ 1993թ.-ին, մանակավարժական գործունեության կապակցությամբ շնորհվել է դոցենտի և պրոֆեսորի կոչումներ: Մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են ճարտարապետության հորինվածքի տեսությունը, համընդհանուր և հայկական ճարտարապետության զարգացման հիմնահարցերը, նշված բնագավառների հետ առնչվող համակարգչային մոդելավորումը և այլն: Գործունեության ոլորտներն են դասավանդումն ու գիտահետազոտական աշխատանքը: Ներկայում Երևանի Պետական Գեղարվեստի Պետական Ակադեմիայի պրոֆեսոր է և ՀՀԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող: Հեղինակ է կառուցված 10 շենքերի և վերակառուցմների (այդ թվում 2 եկեղեցիներ), 3 մենագրությունների (այդ թվում Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Բ գահակալության տարիների շինարարական գործունեությունը) և մոտ 200 գիտական հրապարակումների, իր ղեկավարությամբ կյանքի ուղեգիր են ստացել 13 գիտ. թեկնածուներ:
Եվգենի Ասսը Եվրոպական Մշակութային Խորհրդի անդամ է: Նա զբաղվում է ճարտարապետության տեսությամբ, քննադատությամբ և դասախոսում է տարբեր երկրներում: Դասավանդում է Մոսկվայի Ճարտարապետական ինստիտուտում և դասավանդման շրջանակներում ղեկավարում է Փորձարարական Ուսումնական Նախագծային արվեստանոցը: Եվգենի Ասսը զբաղեցրել է Մոսկվայի ճարտարապետների միության փոխնախագահի պաշտոնը: Մասնակցել է մի շարք հայտնի ցուցահանդեսների, այդ թվում` Վենետիկի Բիենալե, որտեղ տարբեր ժամանակահատվածներում, ներկայացել է որպես նկարիչ, հետո՝ ռուսական տաղավարի գեղարվեստական ղեկավար: Նա ղեկավարում է իր իսկ հիմնած «Ասս ճարտարապետներ» («Архитекторы асс») նախագծային գրասենյակը: Նա ներկայանում է նաև որպես ազատ ճարտարապետ, նկարիչ և ցուցահանդեսների ձևավորող:
Էդուարդ Բալասանյանը ծնվել է Իրանում: Նա ճարտարապետ քաղաքաշինարար է, Թեհրանում ստացել է քաղաքաշինության մագիստրի կոչում, հետագայում՝ քաղաքաշինության փիլիսոփայության դոկտորի կոչում Փենսիլվանիայի համալսարանում: Է. Բալասանյանը Միացյալ Ազգերի կազմակերպության միջազգային փորձագետների անվանացանկում է ընդգրկված: Է. Բալասանյանն ութսունականներին տեղափոխվել է ԱՄՆ և իր աշխատանքային մեծ գործունեությունը սիրով նվիրել հայկական համայնքին. նա զբաղեցրել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը, կատարել է նյույորքյան Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պարտականությունները: Գալով Հայաստան, Է. Բալասանյանը, իր կնոջ՝ գեղանկարիչ ու բանաստեղծ Սոնյա Բալասանյանի հետ համատեղ, հիմնել է Երևանի Նորարարական Փորձարարական Արվեստների կենտրոնը՝ ՆՓԱԿ: Նա յոթ տարի անընդմեջ զբաղեցրել է «Գաֆէսճեան» թանգարան հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Առաջինը Է. Բալասանյանին է վստահել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի կառուցման աշխատանքների ղեկավարությունը: Նա այս պատասխանատու աշխատանքը կատարել է անձնվիրաբար և հասցրել այն իր պատշաճ ավարտին: 2001թ. սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել տաճարի բացման արարողությունը և իր շուրջը համախմբել քրիստոնյա հայ ժողովրդին:
Հակոբ Հակոբյանը ՀՀ Ժողովրդական գեղանկարիչ է, պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1967-71թթ.): Ծնվել է 1923թ. մայիսի 24-ին, սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, Կահիրեի Գեղարվեստի բարձրագույն և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: 1953թ.-ին Բուխարեստում Երիտասարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնում արժանացել է 2-րդ մրցանակի: 1954թ.-ին մասնակցել է Կահիրեի սալոնների, 1958թ.-ին՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում արդի եգիպտական արվեստի ցուցահանդեսներին, 1959 և 1961թթ.-ին՝ Ալեքսանդրիայի բիենալեներին: Նրա հայտնի աշխատանքնեից են «Կինը խոհանոցում» (1959թ.), «Նատյուրմորտ» (1973թ.), «Նատյուրմորտ սխտորներով» (1961թ.) և այլոք: 1962թ.-ին Հակոբյանը հայրենադարձել է Սովետական Հայաստան: Հակոբ Հակոբյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տալլինում, Տարտուում, Ռիգայում, Լվովում, Կիևում, Թբիլիսիում, Մոսկվայում, Փարիզում և այլուր:
Մկրտիչ Մինասյանը ՀՀ Վաստակավոր ճարտարապետ է և ՀՀ Պետական մրցանակի դափնեկիր: Այժմ ՀՀ Ճարտարապետների միության նախագահն է: Մկրտիչ Մինասյանը նախագծել է այնպիսի կառույցներ, ինչպիսիք են՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայանի վերգետնյա և ստորգետնյա սրահները: Այս աշխատանքի համար է նա արժանացել ՀՀ պետական մրցանակի: Մեծ է բազմավաստակ ճարտարապետի ներդրումը պատմամշակութային կոթողների վերակառուցման գործում. նա ղեկավարել է Տաթևի, Օհանավանքի, Վահանավանքի, Որոտնավանքի վանական համալիրների վերականգման նախագծային և շին.աշխատանքները: Մկրտիչ Մինասյանը նախագծել է մի շարք հասարակական նշանակություն ունեցող կառույցներ:
Նարեկ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ է, Հայաստանի Հանրապետության Պետական մրցանակի դափնեկիր: Նա Միջազգային Ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ է, Ֆրանսիայի Հանրապետության Արժանիքների Ազգային շքանշանի ասպետ: Երևանի Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագծի գլխավոր ճարտարապետն է, ինչպես նաև Երևանի գլխավոր հատակագծի և Հայաստանի տարաբնակեցման գլխավոր սխեմայի համահեղինակ: «Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոցն իրականացնում է Երևանի կենտրոնի կառուցապատման խոշորագույն ծրագրեր, ինչպիսիք են՝ Հյուսիսային և Գլխավոր պողոտաների բազմաթիվ շենքերի նախագծումը: Նրա արվեստանոցին է պատկանում նաև Երևանում Շառլ Ազնավուրի կեցավայրի նախագիծը:
Սերգեյ Համբարձումյանի աշխատանքային ողջ գործունեությունը կապված է շինարարական ոլորտի հետ: 2003թ.-ի հուլիսից մինչև 2007թ.-ի նոյեմբերը Ս. Համբարձումյանն աշխատել է Մոսկվայի քաղաքաշինական քաղաքականության, զարգացման և վերակառուցման վարչության պետի տեղակալ:
2007թ.-ի դեկտեմբերին Համբարձումյանը ընտրվել է «Կոնցերն ՄոնԱրխ» («Концерн МонАрх») ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, իսկ 2009թ.-ի հունվարից դարձել է «Կոնցերն ՄոնԱրխ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն:
Ս. Ա. Համբարձումյանը տեխնիկական գիտությունների դոկտոր է, Մոսկվայի պետական ակադեմիայի բնակարանաշինության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր:
Ս. Համբարձումյանը Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման բարերարներից է: Հովանավորել է Մոսկվայում Հայ Առաքելական եկեղեցական նորակառույց համալիրի շինարարությունը:
Իր կարիերայի ընթացքում արժանացել է մի շարք պարգևների. նրան շնորհվել է «Մոսկվայի պատվավոր շինարար», «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր շինարար» կոչումները:
Գնահատման չափանիշները
Գնահատման գործընթացը կատարվում է ըստ 5 չափանիշների.
- 1. Եկեղեցու խորհրդաբանության և հայ եկեղեցական ճարտարապետության լավագույն ավանդների արտացոլումը. 25 միավոր
- 2. Սրբոց Թարգմանչաց խորհրդի մարմնավորումը ճարտարապետական լուծումներում. 25 միավոր
- 3. Կառույցի ներդաշնակությունը ձևավորվող կրթական ավանում. 20 միավոր
- 4. Ժամանակի արտացոլումը ճարտարապետական լուծումներում. 20 միավոր
- 5. Ժյուրիի անհատական նախընտրությունը. 10 միավոր
Մրցանակաբաշխության պայմանները
Առաջին մրցանակ | 1 200 000 դրամ |
Երկրորդ մրցանակ | 600 000 դրամ |
Երրորդ մրցանակ | 300 000 դրամ |
Ցուցահանդեսը
Նախագծերի հեղինակային իրավունքների դրույթները
Ներկայացված նախագծերը ցուցադրվելու են միայն մրցույթի շրջանակներում: Մրցույթի արդյունքում ընտրված նախագծի օգտագործման իրավունքը փոխանցվում է «Այբ» կրթական հիմնադրամին՝ պահպանելով նախագծողի հեղինակային իրավունքները:
Կազմակերպչական թիմը
Մրցույթի պատվիրատուն «Այբ» կրթական հիմնադրամն է, որի գործունեության առաջնահերթ խնդիրն է ստեղծել բարձրորակ և օրինակելի կրթական միջավայրեր, որոնք կուղղորդեն ողջ համակարգը: Այսօր «Այբ» -ը փորձագիտական հաստատություն է Հայաստանի կրթության ոլորտում: Իր ոչ երկարատև գործունեության ընթացքում հիմնադրամը կյանքի է կոչել մի շարք կարևոր ծրագրեր, ինչպիսիք են՝ արդիական լաբորատորիաների նախագծումը և տեղադրումը, դասավանդման առաջատար մեթոդաբանության մշակումը, առարկայական խորացված դասընթացները և այլն: Հիմնվելով իր աշխատանքի արդյունքների վրա` «Այբ»-ը ձգտում է ստեղծել XXI դարի հայկական դպրոցի մոդել: «Այբ» դպրոցը` իր հոգևոր, մշակութային, մտավոր և սոցիալական չափումներով, դառնալու է Հայաստանում առաջին դպրոցական ավանը:www.aybschool.am, www.ayb.am
Մրցույթը կազմակերպում և իրականացնում է «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը: Լինելով երիտասարդ ճարտարապետական արվեստանոց` «Ստորակետը» նպատակ ունի պարզ, ժամանակակից ճարտարապետություն ստեղծել Հայաստանում, որը հասանելի և հասկանալի կլինի յուրաքանչյուրին, նախագծել նոր, ֆունկցիոնալ և գեղեցիկ շինություններ, որոնք կարժևորեն շինությունն օգտագործող անձանց միջավայրն ու կենսակերպը: «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը մասնագիտանում է նորարար դիզայնում, որը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն, նոր դիզայներական հմտություններ և նոր տեխնոլոգիաների լավ տիրապետում:wwww.storaket.com
|
|